ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Օր 21

Օր 21
23.03.2025 | 13:18

Շատ էի մտածում, թե այսօր պահքային գրառումս ո՞նց սկսեմ, չէ՞ որ այսօր Տնտեսի օրն է։ Այդ առակը գրառմանս ներքևի մասում կտեսնեք, կկարդաք, դրա խրատի մասին կմտորեք։

Բայց մինչ այդ ․․.

Սրա նախորդ երկու օրն անտանելի գլխացավեր ունեի, դեմքս էլ նորից այտուցվել էր Երևանի «մաքուր» էկոլոգիայից։ Չակերտները նկատեցի՞ք։

Հայ-հայ ուզում էի հուսահատության մեղքի մեջ ընկնել, հետո փոշմանեցի, ասացի՝ զանգեմ ընկերներիս։ Զգացի, որ կարոտել եմ հարազատներիս ու կարիք ունեմ նրանց հետ զրուցելու, հարցնելու՝ լա՞վ են, ամեն բան նորմա՞լ է։

Կան մարդիկ, որ եթե երկար չեն զանգում, սկսում եմ սաստիկ անհանգստանալ։

Մի խոսքով, երեկվանից արդեն որերորդ ընկերոջս հետ եմ զրուցում։

Մեկս մյուսով հետաքրքրվեցինք, ասացինք, խոսեցինք, խնդացինք։

Էդ խնդալն էլ մեկի հետ (դասարանցիներիցս մեկի տարեդարձն էի զանգել, շնորհավորեմ) էն տեսակ ստացվեց, որ արդեն վատ էի՝ հենց իմ հախուռն ու երկարատև ծիծաղից։

Հա, ու գլխիս ցավն էլ անցավ, տրամադրությունս էլ լավացավ ու հասկացա, որ այսօրվա աղոթքս պետք է նվիրեմ այն մարդկանց, որոնք քեզ օգնում են առաջին անգամ և որևիցե սպասելիք չունենալով։ Այն մարդկանց համար, որոնց համար դու բան չես արել, բայց իրենք են քեզ օգնության ձեռք մեկնել։

Ի դեպ, նման մարդիկ ամեն անգամ անսպասելի են կողքիդ հայտնվում։

Դու նրանց համար կարծես ոչինչ չես արել, նրանք նույնիսկ անծանոթ են, բայց արի ու տես հենց իրենք են հասնում օգնության, երբ ծանոթ մարդիկ կողքդ չեն։

ՈՒ հենց իրենց եմ ես ընկալում Աստծո կողմից ուղարկված։

Այդպիսի մի դեպք, որ Աստծո կողմից ուղարկված էր հիվանդանոցում պատահեց, երբ ես կոմայից դուրս եկա, իսկ նա կանգնած գլխիս վերևում Տերունական աղոթք էր կարդում։

15 տարեկան էի, դեռ 16-ս չէր բոլորել։ Կույրաղիքի ակնթարթային խնդիր ծագեց, տարան հիվանդանոց, որ վիրահատեն։ Վիրահատեցին, մի քանի րոպեով նարկոզից արթնացա ու սկսվեցին ջղաձգումներ ... կոմայի մեջ ընկա։

Երկու շաբաթ «վերևներում» էի։

Պարզվեց նարկոզչիկը տարիքիցս վեր գերդոզա էր տվել, ինչից էլ այն աշխարհում հայտնվեցի: Հետո հետ եկա...

Երբ նորից աչքերս բացեցի, մայրս մահճակալիս մի կողմում էր նստած լացում, իսկ մյուս կողմում ճերմակ խալաթով, ճերմակ մազերով մի կին էր կանգնած։ Հետո իմացա, որ անունը Միհատիկ է։ Միհատիկն ինձ համար աղոթում էր ու դեռ ես, որ դեռ խոսելու կարողությունը չէր վերականգնվել, փորձում էի կրկնել «Հայր մերը»: Էդպես անթիվ օրեր, ժամեր, վայրկյաններ Միահտիկի հետ աղոթելով սկսեցի նորից խոսել, քայլել։

Երբեք այսքան մանրամասն ոչ մեկին չեմ պատմել այս դրվագը, թեպետ մոտիկներս գիտեն, որ կոմայի մեջ եմ եղել։ Որ հարցնում են, բա ո՞նց հետ եկար, ասում եմ` Աստված փրկեց։ ՈՒ դա այդպես է։ Ես նրա հետ խոսում եմ, շնորհակալություն հայտնում, բայց նեղանում էլ եմ, մեկ-մեկ կռվում էլ եմ...

Ամեն մեկն ինձ չի հասկանա, որովհետև Աստծուն ամեն մեկը չի որ տեսնում է։ Կարող է բարեպաշտ լինել, հավատավոր, բայց Աստծուն տեսնել չկարողանա։ Դա ուղղակի և անուղղակի իմաստով հասկացեք։

Ինձ համար այն օրվանից կարևոր էր, որ փրկությանս, երկրային կյանքում դեռ մնալու համար ուրիշ մեկն էր աղոթում։ Եվ ինչքան մեծ էր նրա հավատը, որ փոխանցել էր մորս ու հորս, որ վերակենդանացման բաժանմունքի դռների մոտ մնում էր գետնին նստած մինչև ես չվերակենդանացա։

Վերևում Աստված շուտ համարեց գնալիս, ներքևում Արարչին այդ մասին աղերսողները եղան Միհատիկը, մայրս ու հայրս իրենց աղոթքներով։

Նոր էլ ընկերուհուս հետ էի խոսում, ասացինք իրար, որ երկար չենք խոսել, բայց ես գիտեի, որ հետը մի բան այն չէ։ Նա էլ պատմելով առողջական խնդիրների մասին, ասաց`

գիտե՞ս ինձ լրիվ անսպասելի տեղից մարդիկ օգնեցին։ Մտորեցինք, թե ժամանակին ո՞ւմ և ի՞նչ ենք արել, բայց մեզ չէին էլ հիշում։ Եվ ընկերուհիս ևս սրտնեղելով կիսվեց, որ չի դիմել օգնություն հայցելու, բուժման գումար խնդրելու համար հարազատներին, ընկերներին, կամ բարեկամներին, որովհետև գիտենալով նրա խիստ կարիքի մասին մի գրոշ չեն մտածել ուղարկեն, նա բուժվի, իր երեխաների գլխին մնա։ ՈՒ փա՜ռք Աստծո, որ օգնություն եղել է, բայց լրիվ անսպասելի մարդկանցից։

Մտածում եմ` այսքան երկար կարդացողն ո՞վ է․․․

Իսկ ով կարդաց Աստված թող ամեն գործի մեջ օգնի ու պահապան լինի։

Տե’ր, որ ամենազոր ես, ամեն մեկն, ով միայն իր մասին չի մտածի ու օգնության ձեռք կմեկնի մեկ այլ մարդու, թող կրկնապատիկի իր ունեցածն ու իր ծնողքով, երեխաներով վայելի Մարդ լինելու շնորհքը։

Ամեն։

Այսօրվա պահքային գրառումը նաև առանձին ուղարկելու եմ այն մարդկանց, որոնց ամեն օր աղոթքներումս հիշում եմ ու Աստծո ապավինությունը նրանց համար խնդրում։

Տնտեսի կիրակի

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար:

Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը:

Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը

դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ